Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է։

ԳԻՇԵՐ
Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական,
Իմ պատերի տակ հեծում է անվերջ,
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչով խելագար,
Ահաբեկում է և կանչում է քեզ,
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր…

Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության.—
Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
Լացը հուսաբեկ ավերված իմ տան…

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա…

Տրտունջ-Դժգոհություն, անբավականություն մեկից՝ մի բանից:

Թախիծ-Տխրություն, կսկիծ, տրտմություն:

Խոլական-Կատաղի, խենթ, խելագար:

Հեծել-Վիշտը արտահայտել լացով ու հառաչանքներով, հառաչել, ախ ու վախ անել:

Լալկան-Շարունակ լացող, ամեն մի չնչին բանից լացող:

Հեծկլտում -Ընդհատ-ընդհատ՝ շունչ քաշելով լաց լինել, հեկեկալ:

Оставьте комментарий